Կոդիգոս

Կոդիգոս` միլոնգայի վարվելակարգը

Կոդիգոսը (իսպ. codigos` կոդեքս) միլոնգայի ընթացքում վարվելակարգի կանոնների, սովորույթների և նորմերի շարք է, որում արտացոլված է միլոնգայի էսթետիկան: Կոդիգոսը չի ստեղծվել նրա համար, որ բարդացնի պարողների կյանքը, այլ ձևավորվել է արգենտինական տանգոյի պատմության զարգացման ընթացքում` ելնելով անհրաժեշտությունից և հիմնվելով փորձի վրա: Առաջին հայացքից շատ բաներ կարող են թվալ ավելորդ կամ ձևական, բայց երբ հետադարձ հայացք ենք գցում տանգոյի պատմությանը, ամեն բան իր տեղն է ընկնում:
Անհրաժեշտ է իմանալ, որ Կոդիգոսը կարող է տարբերվել երկրից երկիր, քաղաքից քաղաք և նույնիսկ միլոնգայից միլոնգա: Միլոնգայի էթիկան և էսթետիկան ծնվում, ձևավորվում և զարգանում է տվյալ տարածաշրջանին բնորորոշ մշակութային առանձնահատկություններից: Այն համապատասխանեցվում է տվյալ տանգո համայնքի պահանջմունքներին:
Եվ, քանի որ Երևանում նոր է ձևավորվում պարային այս մշակույթը, մենք կներկայացնենք միլոնգայի վարվելակարգի ընդհանրացված տարբերակը:

Երաժշտությունը

Միլոնգայի երաժշտությունը կազմված է տանդաներից (իսպ. tanda` խումբ, շարք), որոնք բաղկացած են նույն նվագախմբի 3-4 ստեղծագործություններից (օր.` դասական տանգոյի տանդա, միլոնգայի տանդա, տանգո-վալսի կամ տանգո-նուէվոյի): Տանդաները իրարից անջատվում են մոտ 20-30 վայրկյան տևողությամբ կարճ երաժշտական ընդմիջումներով, որոնք կոչվում են կորտինա (իսպ. cortina` վարագույր): Սովորաբար զույգերը պարում են մեկ տանդա, իսկ կորտինայի ընթացքում լքում են պարահրապարակը: Կարող են նաև հրավիրել նոր զուգընկերոջ: Որպես կանոն, տանդան բաղկացած է 4 դասական տանգոյից, 3-4 տանգո-վալսից կամ 3-4 միլոնգայից:

Կաբեսեոն (իսպ. cabeceo` գլխի թափահարում, շարժում դեպի կողք) պարի հրավիրելու ավանդական ձև է: Միլոնգայի ժամանակ հրավիրում են միայն տղամարդիկ, կանայք կարող են միայն այս կամ այլ կերպ նպաստել դրան: Կաբեսեոյի ժամանակ տղամարդը ուղղում է իր հայացքը դեպի այդ պահին իրեն հետաքրքրող կնոջը, եթե կինը մի կողմ չի տանում իր հայացքը, ապա դրանով նա հայտնում է այդ տղամարդու հետ պարելու ցանկություն: Համաձայնությունը ստանալուց հետո տղամարդը կնոջը հրավիրում է պարի` դեպի պարահրապարակ գլխի շարժումով: Կինը պատասխանում է հաստատական շարժումով կամ շարժվում է դեպի տղամարդը, ով, իր հերթին, գալիս է կնոջն ընդառաջ:
Կաբեսեոն պատմականորեն առաջացել է միլոնգայի ընթացքում անհարմար իրավիճակներից խուսափելու համար. բացահայտ մերժում ստանալը հարվածում էր տղամարդու հեղինակությանը, իսկ մերժող կնոջն ավելի հազվադեպ էին հրավիրում պարելու՝ վերջինիս կողմից նորից մերժում ստանալուց խուսափելու համար։
Կաբեսեոն գործում է ոչ բոլոր տեղերում և ոչ միշտ: Այն չի գործում հատկապես մարդաշատ միլոնգաներին, որտեղ առավել հարմար է ուղղակի մոտենալ և հրավիրել պարի:
Սովորաբար միլոնգայի գալիս և գնում են մենակ` բացառությամբ ամուսինների և զույգերի: Տղամարդը չի կարող հրավիրել մի կնոջ, ով եկել է իր զույգի հետ, քանի դեռ նրանք միասին են: Եթե կնոջ հետ միլոնգայի եկած տղամարդն իրեն թույլ տվեց հրավիրել պարի մեկ այլ կնոջ, ապա պարի կարելի է հրավիրել նաև այդ տղամարդու զույգընկեր կնոջը:

Պար

1. Պարում են միշտ պարային գծով (ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ). չեն շրջանցում և չեն արգելափակում պարողների ընդհանուր հոսքը, չեն վազում անկյունագծով պարահպապարակի մի ծայրից մյուսը:
2. Կանայք պետք է հիշեն, որ տղամարդն է պարի վարողը, և նույնիսկ, եթե նա տանում է սխալ ուղղությամբ, ապա պետք է հետևել նրան:
3. Ցանկալի չէ հենց այնպես շրջել պարահրապարակով, հատկապես տանդայի ժամանակ:
4. Աշխատեք չանել ետ քայլեր մարդաշատ միլոնգայում կամ սահմանափակ տարածքում:
5. Մի տարեք կնոջը քայլերի/շարժումների, որոնք կարող են վնասել պարող մյուս զույգերին:
6. Միլոնգայի ժամանակ չեն քննարկում միմյանց սխալները առավել ևս չեն քննադատում զուգընկերոջը:
7. Միլոնգային մարդիկ պարում են իրենց հաճույքի համար: Սխալ գործելու դեպքում, մի խնդրեք ներողություն, նույնիսկ պարից հետո, ուղղակի ժպտացեք ու շարունակեք պարել:
8. Պարահրապարակում որևէ մեկին բախվելու կամ դիպչելու դեպքում ներողություն խնդրեք անկախ նրանից, թե մեղավորը ով էր: Ներողություն միշտ խնդրում է տղամարդը:
9. Պարի ընթացքում ցանկալի չէ նայել աչքերի մեջ, զրուցել, ինչպես նաև նայել ոտքերի տակ:
10. Խմիչքով կամ ծխախոտով պարահրապարակում գտնվելը և, հատկապես պարելը, արգելվում են
11. Երեկոյի ընթացքում ցանկալի է պարել տարբեր զուգընկերների հետ:
12. Տղամարդու խնդիրն է պարի ժամանակ նայել ոչ միայն առաջ, այլև տեսադաշտում պահել և վերահսկել պարահրապարակը, քանի որ նա պատասխանտու է զուգընկերուհու անվտանգության համար :

Ավարտ

Եթե տանդայի ավարտին զույգը չի պատրաստվում շարունակել պարել, զուգընկերները շնորհակալություն են հայտնում միմյանց, և տղամարդն ուղեկցում է կնոջն այնտեղ, որտեղ կինը նստած էր մինչև պարը:
Որպես կանոն նույն զույգով պարում են մեկ տանդայից ոչ ավել, 2 պարից ոչ պակաս:
Պետք է շատ զգույշ լինել «Շնորհակալություն» բառն օգտագործելիս. եթե շնորհակալություն հայտնել տանդայի ընթացքում անմիջապես պարից հետո, դա կնշանակի, որ շնորհակալություն հայտնողը այլևս չի ցանկանում պարել: Տանդայի ընթացքում պարն ավարտելը կարող է վիրավորել զուգընկերոջը: Շնորհակալություն ցանկալի է հայտնել տանդայից հետո:

Սովորաբար Կոդիգոսը խախտողներին բացահայտ դիտողություն չի արվում, պարզապես հետագա միլոնգաներին նրանց անտեսում են. կանայք հրաժարվում են պարել իր հետ, իսկ տղանմարդիկ` շփվել:

Միլոնգային բոլորը հավասար են. չկան վարպետներ, նորեկներ և ուսուցիչներ: Մենք բոլորս պարում ենք նույն տանգոն: Այստեղ ոչ մեկ ոչ մեկի ոչինչ պարտք չէ: Չէ՞ որ Դուք գեղեցիկ պատրաստվել և եկել եք միլոնգայի` հանգստանալու, համախոհների հետ շփվելու ակնկալիքով, և ամենակարևորը՝ ամենախորհրդավոր, բազմապիսի և զգայական տանգոն վայելելու սպասումով:

Երկու անգամ իրար ետևից կրկնվող «La Cumparsita»-ի հնչյունները փաստում են միլոնգայի ավարտի մասին. տուն գնալու ժամանակն է: Վերջին տանգոն սովորաբար պարում են ամենամոտ մարդու հետ` ամուսնու կամ սիրելիի: